ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ամեն սերունդ իր կռիվը պիտի տա, որ եկող սերունդը մի քայլ առաջ անցնի»

«Ամեն սերունդ իր կռիվը պիտի տա, որ եկող սերունդը մի քայլ առաջ անցնի»
21.11.2008 | 00:00

«ՎԱ՛Յ ԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՐԻ ԶԱՎԱԿԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ, ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ԻՐ ՏԵՍԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»
Կտավները քեզ են նայում մի տեսակ հմայիչ պարզությամբ, բնության գեղեցիկ պատկերների լուսաշատ ու բազմախորհուրդ ժպիտով։ Եթե իսկապես նկարիչն աշխարհում ստեղծում է իր աշխարհը, ապա աշխարհը նախանձելու տեղ ունի։ Գեղանկարիչ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ կտավներում խավար չկա... այստեղ կյանքն է շրջում՝ կապույտ-կարմիր-ծիրանի գույների տեսքով։
Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է Տավուշի մարզի (նախկին Նոյեմբերյանի շրջանի) Կողբ գյուղում։ Իր իսկ խոսքերով՝ նկարչի թեման, ի վերջո, այն աշխարհն է, որի մեջ ինքը ծնվել է։ Պատահական չէ, որ նրա աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցնում բնապատկերները։ Նրա կտավները ցուցադրվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում և այլուր։ Մասնակցել է մոտ 60 ցուցահանդեսի։ Այս պահին ոչ թե նկարում, այլ մենախոսում է։
ՆԿԱՐԻՉԸ ՆԿԱՐՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ
Վա՛յ այն նկարչին, որ ինքն իրեն չի նկարում։ Բնապատկերների մեջ ինքնանկարդ կարող է շատ ավելի պարզորոշ երևալ, քան իրական ինքնանկարում։ Բոլոր նկարներն ինքնանկարներ են՝ ըստ էտապների զարգացման, ըստ քո վիճակի փոփոխությունների։ Քանի որ տասը տարի առաջվա աշխարհընկալումդ նույնը չէ, ինչ տասը տարի հետո։ Շատ ես տեսնում, լսում, ապրում։ Սայաթ-Նովան ասում էր՝ տարիքը իմաստունին է իմաստնություն ավելացնում։
ԱՐՎԵՍՏԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Եթե արվեստագետը նուրբ հոգի ունի, ակտիվ է իր տեսակի մեջ, նրա ձեռագրի վրա չի կարող ազդեցություն չունենալ այն, ինչ կատարվում է իր շուրջը։ Տա Աստված, այնքան իմաստուն լինի, որ մի քայլ էլ առաջ անցնի և իրավիճակի ճիշտ արտացոլումը տալու փոխարեն՝ դրականն ավելացնելու սկզբունք դրսևորի։ Շնորհքն աստվածատուր է, յուրաքանչյուր ոք պիտի պատասխանատվություն կրի առաջին հերթին իր առաջ և հետո՝ միջավայրի, որի մեջ ապրում է։ Ժողովրդի, երկրի նկատմամբ պատասխանատվությունը, նվիրումը միշտ պետք է լինի։ Երբեմն դա ազգայնամոլություն են անվանում։ Բայց վա՛յ այն ժողովրդին, որի զավակը, հատկապես մտավորականը, չի մտածում իր տեսակի պահպանման մասին։
ՄԻԱՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿԸ ՎԵՐԱՑՆԵԼՆ Է
Եթե հիշողության էքսկուրս անենք անցյալից մինչև մեր օրերը, կտեսնենք, որ ազգային տեսակից զատ երբեք բարձրարժեք արվեստ չի ստեղծվել։ Էլ Գրեկոյին, ով ծնունդով հույն է, համարում են իսպանացի նկարիչ՝ ելնելով նրա մտածողությունից։ Բայց նրա արվեստի հենքը հունական մշակույթն է։ Անգամ անունն այդ մասին է խոսում։ «Էլ Գրեկո» իսպաներեն նշանակում է «սա է հույնը»։
Արամ Խաչատրյանի երաժշտությունը ստեղծվել է հայկական ֆոլկլորի վրա, դրա համար է այդքան հզոր։ Աբսուրդ է մտածել, թե ազգայինից զատ լուրջ մշակույթ կարող է ստեղծվել։ Դա միահավասարեցման գաղափարախոսության դրսևորում է, որի նպատակն ազգային յուրահատուկ տեսակը ջարդելն է։ Դա լուրջ քաղաքականություն է, որն ամբողջ աշխարհը «մսաղացի մեջ է պահում» ու թափանցել է նաև Հայաստան։ Առողջ մտածող մարդը պետք է հասկանա՝ որտեղից է դա գալիս և ուր է տանում։ Եվրոպան տեսանելի օրինակ է։ Այսօր այնտեղ լուրջ մշակույթ չի ստեղծվում։ Կան անհատներ, որոնք, այնուամենայնիվ, փորձում են արժեքներ ստեղծել, բայց ընդհանուր դաշտը հակաէսթետիկ է։
ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԳՈՒՅՆ
Գույները երեքն են՝ կարմիր, կապույտ, ծիրանի։ Մնացածը երանգներ են։ Եթե գեղանկարիչ ես և ապրում ես Հայաստանում, այդ երեք գույների գերիշխանությունը, կարծում եմ, պետք է լինի քո գործերում։ Չմոռանանք, որ աստվածատուր երկրում ենք ապրում։ Նայենք մեր շուրջը. այսքան ակտիվ դեղին որտե՞ղ կա, որտե՞ղ է արևն այսքան զորավոր ու գեղեցիկ։ Հայաստանում տարվա չորս եղանակներն ընդգծված երեք-երեք ամիս առանձնանում են իրարից։ Բնականաբար, այդ չորս եղանակները նաև գույներ են թելադրում։ Մեր պետության դրոշի երեք գույները, որոնց տարբեր մեկնություն են տալիս, չեմ կարծում, թե ճշմարտությանը մոտ, իրականում Սուրբ երրորդության գույներն են։ Կապույտը Քրիստոսինն է, կարմիրը Աստծո գույնն է, ծիրանին՝ Սուրբ հոգու։ Ինչպես արդեն ասացի, միայն այդ երեքն են գույն, որ ծնվում են սպիտակ լույսից՝ և՛ ֆիզիկայի օրենքով, և՛ հոգևոր, և՛, ընդհանրապես, իրականության մեջ։
ԱՐԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ ԿԱՄ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՆՐԱՆԻՑ
Այն մոտեցումը, որ, իբր, մենք արարում ենք, արդեն սխալ է։ Մենք քահանաներ ենք՝ Աստծո խոսքը բերողներ։ Քահանան Աստծո խոսքը քարոզի միջոցով է փոխանցում, մյուս ճանապարհը մշակույթն է։ Յուրաքանչյուր ոք շնորհ ունի Աստծուց։ Ես նկարիչ եմ և չեմ կարող ման գալ առանց հագուստի։ Հագուստ կարողը նույնքան կարևոր գործ է անում։ Մեծամտությունը, հայտնի լինելու մարմաջը սպանում են մարդուն։ Շրջապատն էլ է հոգնում նրանից։ Էլ չեմ ասում, որ Աստված կարող է շնորհքը վերցնել ձեռքից։
ՄԵՐ ՔԱՂԱՔԸ
Մերոնք վերջերս Վրաստան էին գնացել՝ ֆիլմի համար մի քանի կադրեր նկարելու։ Վրաստանում կա մի քաղաք, ուր պահպանվել է ավանդական ճարտարապետությունը, թույլ չեն տալիս, որ նոր շինությունները կառուցվեն ուրիշ ձևի մեջ։ Մեզ մոտ ավանդական մի վայր չի մնացել։ Երևանը սիրունացրել են, նոր ու գեղեցիկ շինություններ են կառուցում, բայց չկա ընդհանուր ձեռագիր։ Որ անկյունից նայես՝ Երևանից պատճենահանված կտոր է։ Եթե այդ կտորներն ընդհանրական նայես, չես իմանա՝ Երևա՞նն է, Մոսկվա՞ն, թե՞ մի ուրիշ քաղաք։
ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ
Եթե հիմա անտեսենք գեղանկարչական պրոֆեսիոնալ դաստիարակությունը, եկող սերունդները կհայտնվեն այն վակուումում, որը մանրանկարչությունից հետո է ստեղծվել։ Վերածննդի շրջանի գեղանկարչություն մենք գրեթե չունենք։ Սարյանը հայերեն մտածողությամբ նկարչության հիմքը դրեց։ Մինասը շարունակեց, և այն առայսօր շարունակվում է։ Ովքեր դեմ են դրան, լրջորեն ավերում են, այդ նպատակով ծախսում են մեծ գումարներ։ Ես կոչ կանեի արվեստագետներին, որ երբ պահը գալիս է բարձրաձայնելու, չձևացնեն՝ իբր ամեն բան նորմալ է։ Պատերազմը շարունակվում է։ ՈՒղղակի իմաստով սա պատերազմ է։ Ամեն սերունդ իր կռիվը պիտի տա, որ եկող սերունդը մի քայլ առաջ անցնի։
Նյութը պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7477

Մեկնաբանություններ